Tuesday, March 14, 2017

Օշինդր-դառը, դեղաբույս


Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր
բարձրացող, բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն։ Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն։
Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, Ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։
Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր։
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը։ Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում։ Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով։ Այն կազմում է նախնականի 24-25 %-ը։
Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն։ Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը։ Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից։ Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց։ Օշինդրը՝ գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ՝ ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ։ Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց՝ այն վանում է ցեցին։
Մ. Հերացին դեղաբույսն՝ առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ։ Բժշկապետն օշինդրը համարել է ստամոքսը կազդուրող և տոնուսավորող միջոց։ Ամիրդովլաթը, բացի վերոհիշյալ դեպքերից, դեղաբույսը տարբեր ձևերով ու եղանակներով օգտագործել է կլոր և տափակ որդերի, լեղաքարերի, մաշկային խոցերի, ասթմայի, ստամոքսացավերի, ստամոքսի խոցի, բքնածության, կարիճի կծածի, արճիճով թունավորման դեպքերում։ Ըստ բժշկապետի, դեղաբույսը՝ մեղրի հետ տալով, օգնում է դեղնուկին և կաթվածահարին, ականջի ցավին, չի թողնում որ մարդ շուտ հարբի ալկոհոլային խմիչքներից, լավացնում է լսողությունը, բացում միզակապությունը, դաշտանը, ամոքում թութքը, լավացնում երեսի գույնը։ Ամիրդովլաթի մեջբերումներով, Մատային օշինդրն օգտագործել է ատամների ոսկրափուտի, Սահակը՝ նողկանքի և դաշտանի ետպահումների, Արճիճանիսը՝ ստամոքսասրտային ցավային վիճակի, Մասրճուեն՝ փսխման և վիժումների, Ըռուֆոսը՝ մաստիտների, Էհանան՝ բորբոքական ջերմերի ժամանակ և այլն։
Ղ. Ալիշանի մեջբերումով, հայկական հին բժշկարաններում նշվում է, որ օշինդրի ծաղիկները՝ եփուկի ձևով, օգնում են արյունալուծին, ջարդվածքներին, հետանցքի շրջանի ցավերին, դժվարամիզությանը, թունավորումներին, գազանահարին, կարիճահարին։ Ծխելուց՝ տան միջից փախցնում է սողուններին, նշի յուղով կաթեցնելով ականջի մեջ՝ կտրում է վերջինիս ցավը։ Իսկ հայկական այլ աղբյուրներում նշվում է նաև, որ դեղաբույսն օրգանիզմից հանում է մաղձը, մաքրում ստամոքսը, օգնում այտուցներին և բարձր ջերմությանը, լյարդի և երիկամների հիվանդություններին, ռևմատիզմին, քոսին, քորին, միգրենին, ականջի թարախային բորբոքումներին, մեղրի և գինու հետ կիրառելուց՝ առաջացնում է քուն։


No comments:

Post a Comment