Monday, December 18, 2017

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները

Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը: Այս խմբակի անդամներից մեկը երկու անգամ եղել էր Արևմտյան Հայաստանում: 1876թ. այս երկու խմբակներն էլ հայտնաբերվեցին ցարական կառավարության կողմից և ցրվեցին, իսկ Արսեն Կրիտյանը բանտարկվեց, զրկվեց ուսուցչություն անելու իրավունքից:
1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:
Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:

No comments:

Post a Comment