Monday, December 18, 2017

Հայ ազգային կուսակցություններ

Արմենական կուսակցություն (արմենականներ)
 
Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:
Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 
1886–87 թթ-ից կուսակցութան աջ թևն առաջ է քաշել արևմտահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում սկսելու պահանջը: Կուսակցության ձախ թևը խրախուսում էր ֆիդայական շարժումը, չափավոր թևը՝ Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ, անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե և որդեգրեց Հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին:
Հնչակյան կուսակցություն (Սոցիալ-դեմոկրատական 
հնչակյան կուսակցություն, ՍԴՀԿ)
 
Հիմնադրել են կովկասահայ մի խումբ ուսանողներ՝ Նազարբեկը (Ավետիս Նազարբեկյան), Մարո Նազարբեկյանը, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ, 1887 թ-ին Ժնևում: Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» պաշտոնաթերթի անունով: Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլուր: 1888 թ-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորմամբ անկախ հանրապետության ստեղծումը: Հեռակա նպատակը սոցիալիզմն էր: Այդ գաղափարի առկայությունը կուսակցության ծրագրում պառակտման պատճառ է դարձել: 1896 թ-ի հունվարին Լոնդոնի համագումարում անջատվել և ձևավորվել է առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը:
Ծրագրի համաձայն՝ հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր: XIX դարի 90-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ծավալելով լայն գործունեություն՝ նրանք համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարն անիրականանալի է, ուստի համատեղել են  քաղաքական ցույցերն ու հայդուկային ելույթները: 1890-ական թվականներին հնչակյանները Սասունում կազմակերպել են զինված ելույթներ և չնայած պարտություն են կրել (1894 թ.), սակայն եվրոպական պետություններին պարտադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարենորոգումների ծրագիր, որը թուրքական կառավարությանն է ներկայացվել 1895 թ-ի մայիսի 11-ին (ծրագիրը կոչվեց Մայիսյան): 1890-ական թվականների կեսին Զեյթունում, Վանում, Սասունում մասնակցել են արևմտահայության ինքնապաշտպանական կռիվներին:
Վերակազմյալ հնչակյաններ, 1898 թ-ից` Վերակազմյալ 
հնչակյան կուսակցություն 
 
Վերակազմյալ հնչակյանների կամ արփիարականների գործիչները՝ Միհրան Տամատյանը, Արփիար Արփիարյանը, Միհրան Սվազյանը, Լևոն Մկրտիչյանը և ուրիշներ, համոզված, որ Թուրքիայում արդյունաբերական պրոլետարիատի բացակայության պայմաններում սոցիալական պայքարն անհեռանկար է և այլևս «ավելորդ ու վնասակար է Հայկական հարցի լուծման համար», հանդես են եկել միայն ազգային-ազատագրական պայքար մղելու պահանջով՝ միաժամանակ ձգտելով Հայկական հարցը լուծել՝ ըստ հնչակյան կուսակցության ծրագրի: 
1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերակազմյալ հնչակյանների գործունեության հիմնական վայրը Թուրքիան էր: Նրանք հրաժարվել են համազգային ապստամբության և անկախ Հայաստանի գաղափարից, առաջ քաշել սահմանադրական Թուրքիայում Հայաստանի ինքնավարության պահանջը: Սակայն իրենց դեմոկրատ հորջորջած երիտթուրքերը 1914–15 թթ-ին կոտորեցին նրանցից շատերին: Վերակազմյալ հնչակյանները 1921 թ-ին միացան Ռամկավար ազատական կուսակցությանը:
Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ, մինչև 1892 թ-ը՝ 
Հայ հեղափոխականների դաշնակցություն)
 
Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ): 1890 թ-ի սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակը ժողովրդի ուժերը համախմբելն է, Արևմտյան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական ազատություն ձեռք բերելը: Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ-ին՝ կուսակցության առաջին ընդհանուր ժողովում, հրապարակվել է 1894 թ-ին «Դրոշակ» պաշտոնաթերթում:
Դաշնակցությունը դավանում է ժողովրդավարության ու ընկերավարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, մարտավարության և ռազմավարության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ինքնավարությունը): Նպատակին հասնելու հիմնական միջոցը ՀՀԴ-ն համարում էր զինված գործողություններն ու ահաբեկչությունը, քաղաքական աշխատանքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Ծրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և մշակողին ապահովել հողից օգտվելու կարելիությունը»: 
Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ)
 
Հիմնադրվել է 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում՝ Սահմանադրական ռամկավար կուսակցության, Վերակազմյալ հնչակյանների, Հայ ժողովրդական կուսակցության, անհատ սփյուռքահայերի և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ջանքերով: 1921 թ-ին ՌԱԿ-ի ընդունած ծրագրում շարադրված է կուսակցության նպատակը՝ հասնել անկախ հայկական պետության ստեղծման՝ հիմնված ազատ տնտեսության, մասնավոր սեփականության, անձնական ձեռներեցության, աշխատանքի, քաղաքացիական իրավունքների ազատության և օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության վրա: ՌԱԿ-ն իր ծրագրում առանցքային է համարում Հայ դատը:
Կուսակցության գլխավոր խնդիրներից են ազգապահպանությունը Սփյուռքում, հայ համայնքների և ՀՀ-ի միջև մշակութային կապերի ամրապնդումը, հայրենիքում ազգային համախմբմանն աջակցելը և այլն: ՌԱԿ-ի 1947 թ-ի 7-րդ համագումարում  ընդունված հայտարարության մեջ նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է  ռամկավար ազատական գաղափարներին: ՌԱԿ-ի կենտրոնական վարչությունը ողջունել է 1990 թ-ի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը: 
Կուսակցության նախաձեռնությամբ Սփյուռքում ստեղծվել և գործում են մեծ թվով մշակութային, բարեգործական, մարզական, կրթական հաստատություններ: ՌԱԿ-ն իր տեղական կազմակերպություններն ունի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում և այլուր:
ՌԱԿ-ի պաշտոնաթերթերից են «Զարթոնքը» (Բեյրութ), «Նոր օրը» (Ֆրեզնո),  «Պայքարը» (Բոստոն, ապա՝ Երևան, այժմ չի հրատարակվում) և այլն:
1990 թ-ին Երևանում հիմնադրվել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ, գրանցվել է 1991 թ-ի հուլիսի 4-ին):

No comments:

Post a Comment