Monday, December 4, 2017

Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբություն

Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։
75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու գլխավորությամբ զեյթունցիները հոկտեմբերի սկզբներին սկսեցին ապստամբությունը։ Մինչև հոկտեմբերի 16-ի լուսաբացը զինաթափեցին թուրքական 700-հոգանոց կայազորը, գրավեցին 600 հրացան, գերմանական 2 հրանոթ և մեծ քանակությամբ այլ զինամթերք։ Զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ։ Կազմվեց Զեյթունի ժամանակավոր կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։
1895 թվականի նոյեմբերին Զեյթունի վրա շարժվեց թուրքական երկու բանակ։ Դեկտեմբերի սկզբին ընթացող անհավասար մարտերում հայերը ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն։ Ապստամբների շարքերը մի պահ նոսրացան։ Բայց ալեզարդ իշխան Կարապետ Բասիլոսյանը, կոչ անելով կռվել մինչև վերջին շունչը, կարողացավ մարտիկներին կրկին տանել գրոհի։ Թշնամին տվեց ավելի քան հազար սպանված և նահանջեց։ Զեյթունցիները, շրջապատված լինելով մոտ 4 ամիս, չունենալով բավարար սննդամթերք և զինամթերք, քաջաբար դիմադրում էին։
Զեյթունի այս հերթական հերոսամարտի լուրը հասնում է նաև Եվրոպա: Մեծ տերությունների միջամտությամբ 1896 թվականի հունվարի 30-ին Հալեպումկնքվում է հաշտություն։ Կառավարությունը պարտավորվում է
  • զորքերը հետ քաշել Զեյթունից,
  • ներում շնորհել հայերին, ապահովել նրանց կյանքն ու գույքը,
  • Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, իսկ տեղական պաշտոնակաները լինելու էին հայեր։
Այս լուրջ զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջեցին զենքը հանձնել ու հեռանալ Զեյթունից։ Ապստամբության շնորհիվ տարածաշրջանը համեմատաբար քիչ տուժեց։

No comments:

Post a Comment