Wednesday, October 4, 2017

Պատմություն Հակոբ Դ Ջուղայեցի

Հակոբ Դ Ջուղայեցի
Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին ծնվել է 1598 թվականիան, Հին Ջուղայում։ 1604 թվականի շահ Աբաս Մեծի կողմից կազմակերպված բռնագաղթի հետևանքով Ջուղայեցու ընտանիքը նույնպես տեղափոխվել է Իրանի մայրաքաղաք Սպահանի մոտ հաստատված Նոր Ջուղա գյուղաքաղաքը։ Այստեղ Հակոբ Ջուղայեցին ստացել է իր սկզբնական կրթությունը՝ աշակերտելով Նոր Ջուղայի դպրոցի և հայկական տպարանի հիմնադիր, Նոր Ջուղայի հոգևոր թեմի առաջնորդ Խաչատուր Կեսարացու մոտ.1655 թվականի ապրիլի 8-ին օծվելով Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարճ ժամանակ անց այցելել է Սպահան՝ նպատակ ունենալով հանդիպելու այդ ժամանակ Մայր Հայրենիքի հասարակական-քաղաքական, գիտամշակութային ու գաղափարական-եկեղեցական կյանքին տոն ու ընթացք տվող Ջուղայի հայության հետ, ինչպես նաև տեսակցել պարսից շահի հետ։ Արժանանալով պարսից շահի ընդունելությանն ու բարյացակամ վերաբերմունքին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարողացել է կարգավորել Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրները և իրավունք ստացել ծավալելու տնտեսական-բարենորոգչական, շինարարական ու լուսավորական գործունեություն։ Այդ տեսակետից նրա առաջին ձեռնարկումը եղավ Մայր Տաճարի զանգակատան ընդհատված շինարարության վերսկսումն ու ավարտումը, որի օծումը տեղի ունեցավ 1658 թվականի սեպտեմբերին, Խաչվերացի օրը։ Հակոբ Դ Ջուղայեցին, ձեռնամուխ լինելով Մայր Աթոռի տնտեսության բարեկարգմանը, ձեռք է բերում վանքապատկան նոր գյուղեր ու կալվածքներ, կառուցում ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և համանման այլ շինություններ։ Շարունակելով Փիլիպոս Ա Աղբակեցու կրթական ու լուսավորական գործունեությունը՝ Հակոբ Դ Ջուղայեցին զարկ է տալիս Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքին, մասնավորապես ավարտին է հասցվում Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո ընդհատված «Գիրք պատմութեանց» կոթողային երկը, իսկ տպագրական գործունեության նպատակով Եվրոպա է գործուղել նախ Մատթեոս Ծարեցուն, ապա Կարապետ Ադրիանացուն, իսկ 1662 թվին՝ Ոսկան Երևանցուն, որը հսկայական ջանքերի գնով կատարել է գիտահրատարակչական իսկական սխրանք. 1666 թվին սկսեց և 1668 թվին ավարտին հասցրեց Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը։ Ոսկան Երևանցին 1669 թվականին տպագրեց Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» երկը։ Հակոբ Դ Ջուղայեցու անմիջական հովանավորությամբ Մայր Աթոռում գիտամշակութային կյանքի աննախադեպ զարգացման լավագույն վկայություններից է նաև Ստեփանոս Լեհացու ծավալած թարգմանչական արգասավոր գործունեությունը։Հակոբ Դ Ջուղայեցին XVII դարի 60-ական թվականներին մեծ ջանքեր է գործադրել նաև եկեղեցական կյանքի կարգավորման ուղղությամբ. հիշարժան է հատկապես Աղթամարի, Սսի, Կ. Պոլսի և Երուսաղեմի հոգևոր կենտրոնների միջև ծագած տարաձայնությունների ու հակասությունների լուծումը։ Հակոբ Դ Ջուղայեցուց մեծ ջանքեր պահանջվեցին ի չիք դարձնելու Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու գործնական ձեռնարկումները։ 1665-1667 թթ. Հակոբ Դ Ջուղայեցին այդ նպատակով ստիպված այցելեց Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս, իսկ Ադրիանապոլսում ընդունելության է արժանանում սուլթան Մեհմեդ IV-ի կողմից։ Հակոբ Դ Ջուղայեցու կենսագրության փայլուն էջերից են 1668 թվականին, Երևանի Սաֆի խանի կամքին հակառակ, գաղտնի մեկնումը Սպահան, Սուլեյման շահին այցելությունը և Սաֆի խանի պաշտոնանկությունը։ 1670 թվականի սկզբին վերադառնալով Ս. Էջմիածին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարգավորեց եկեղեցական գործերը և դրեց խաղաղ ընթացքի մեջ։
Հակոբ Դ Ջուղայեցին մտածում էր արևմտյան տերությունների օգնությամբ Հայաստանն ազատագրել օտարի տիրապետությունից։ Եվ ահա հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն առնչվում է Հակոբ Դ Ջուղայեցու անվան հետ։ Հույս ունենալով, որ այդ հարցում կարող է համագործակցել Հռոմի պապի հետ, նամակներ է հղել Ալեքսանդր Է և Կղեմես Ժ պապերին, ինչպես նաև կապեր հաստատել ֆրանսիական միսիոներների հետ՝ ակնկալելով նրանց միջնորդությամբ ստանալ Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը։ Չբավարարվելով նման ձեռնարկումներով՝ Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անձամբ մեկնել Եվրոպա՝ հայրենիքի ազատագրության գործը իրական հիմքերի վրա դնելու համար։ Քաջ հասկանալով, որ եվրոպական տերությունները ակնկալված օգնության դիմաց կարող են մեծ գին պահանջել, այսինքն առաջարկել Հայոց եկեղեցին ենթարկել Հռոմի գերիշխանությանը, Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անելիքը հստակեցնելու նպատակով հրավիրել խորհրդաժողովներ և քննարկել իր ծրագրերը։ Թեև հայագետներից ոմանք գտնում են, որ 1670 թվականին Սպահանից Էջմիածին վերադառնալուց հետո «այնտեղ դադարեցաւ մինչև 1678 տարին», բայց ձեռագիր սկզբնաղբյուրների ուսումնասիրությունից պարզվում է, որ 1673-1674 թթ. նա նորից եղել է Նոր Ջուղայում և տեղի հոգևոր, հավանաբար նաև աշխարհիկ ավագանու հետ քննարկել իր անելիքները։ Այդ մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում հոգևորականների խորհրդաժողովի մասնակից Հովհաննես Մրքուզ Ջուղայեցին։Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի դեմ էր ուղղված Ոնոփրիոսի գործած նենգությունները, երբ վերջինս փորձում էր կոթողիկոսական Աթոռին նստեցնել Երուսաղեմի պատրիարք Եղիազար վարդապետ Հռոմկլայեցուն / հետագայում կաթողիկոս՝ Եղիազար Ա Այնթափցի/, սակայն ոչինչ էլ չի ստացվում և Էջմիածնի առաջնորդների ու իշխանների ջանքերով Հակոբ Դ Ջուղայեցին փառավոր կերպով կրկին վերադառնում է Սուրբ Աթոռ։
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը վախճանվում է 1680 թ. Կ. Պոլսում և թաղվում Ղալաթիայի Սբ. Լուսավորիչ եկեղեցու բակում։ Նրա գերեզմանը դարձել է մի ուխտատեղի։

No comments:

Post a Comment